Հայ համայնքը

2007 թվականին  հայկական ազգային մշակույթային ինքնավարությունը իր ժողովում որոշում ընդունեց սկսել Նովոսիբիրսկի հայկական եկեղեցու կառուցումը 

Հենրիկ Հարությունյան Հայ համայնքի երկրորդ նախագահը
Ֆրունզիկ Խաչատրյան Հայ համայնքի նախագահը
Գագիկ Բադալյան Հայ համայնքի հիմնադիրը և առաջին նախագահը
Մկրտիչ Հովսեփյան Բերդսկի քաղաքային խորհրդի պատգամավոր, Հայ համայնքի Բերդսկի մասնաճյուղի նախագահ
Բաղդասար Բաղդասարյան շինարարական աշխատանքների ղեկավար

Ռուսաստանի Դաշնությունը շատ  հայերի համար է դարձել երկրորդ  հայրենիք: Պատահական չէ ,որ այս բարեկամական երկրում է գտնվում հայկական սփյուռքի ամենամեծ հատվածներից մեկը: Անկասկած, ցանկացած ազգի ուժը իր միասնության, բարեկամության և սիրո մեջ է: Հայ ժողովրդին մինչև  այսօր հաջողվել է պահպանել իր մշակույթը, լեզուն, պատմությունն ու հավատը շնորհիվ նրա,որ ուր էլ հայտնվել ու բնակվել են հայերը, ստեղծել են իրենց ազգամշակութային համայնքները: Սիբիրի մայրաքաղաք Նովոսիբիրսկում, նույնպես, գործում է  հայկական համայնքը: Նրա հիմնադիրների թվում են մեր հայրենակիցներ՝ Գագիկ Սերգեյի Բադալյանը, Ֆրունզիկ Քյարամի Խաչատրյանը, Հենրիկ Գրիգորի Հարությունյանը, Օլեգ Իշխանի Դանիլյանը, Մկրտիչ Հովսեփի Հովսեփյանը և այլոք: 1993թվականին ,նրանց  ջանքերով և շատ ուրիշ հայորդիների աջակցությամբ, ստեղծվեց ՀԱՅԿԱԿԱՆ  ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ –ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ:

Համայնքի ղեկավարությունը իր առջև դնում է մի շարք կարևոր նպատակներ՝ մի կողմից հայերի ազգային ինքնատիպության պահպանումը, մյուս կողմից՝ նպաստել տեղի հայերի տարածաշրջանի հասարակական կյանքին առավել ակտիվ  ներգրավմանը:

Որպես խորհուրդ հավատի
Հուշարձանն է հառնել աստ, 
Երեք ջահել, գեղեցիկ   
Արոսների հովի տակ:

Խաչքարը այս տուֆակերտ
Հին, սրբազան վայրերից,
Հավատակից սրտերին
Սեր ու օրհնանք է բերել:

Հայ համայնքն է հիմնել այս
Մասունքը սուրբ հավատի,
Թագավորում են այնտեղ
Լուսե հավատն ու հոգին:


Վալենտինա Ժդանովա

 (թարգմանությունը՝   Հասմիկ  Էլբակյանի)

Ցանկացած հայի գործունեության մի կարևոր մասն է կազմում ազգային մշակույթի պահպանումը , հայապահպանության գործին օժանդակումը, մատաղ սերնդի գիտակցության մեջ հայ ավանդական սովորույթների ու ազգային գիտակցության սերմանումը: Հայերի ազգային մշակույթային ինքնավարությունը զարգացնում է գործունեությունը  քաղաքի կյանքի բոլոր ոլորտներում:  

Նովոսիբիրսկի կենտրոնում՝ Պերվոմայսկի պուրակում , Քրիստոսի 2000-ամյակի կապակցությամբ, տեղադրվել է խաչքար՝ քանդակված հայկական տուֆից: Այդ հուշարձանը դարձավ հեռավոր ու ցուրտ  Սիբիրը արևոտ ու տաք Հայաստանին կապող յուրահատուկ կամուրջ:

2005թ-ից քաղաքում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, որտեղ հմուտ մանկավարժները բոլոր ցանկացողներին ուսուցանում են հայոց լեզու և գրականություն, պատմություն , արվեստ, երգ երաժշտություն, պարեր: Դպրոցի գործունեության դեռ առաջին տարիներին աշակերտների թիվը հասնում էր մոտ 100-ի: Դպրոցում, դասերին զուգահեռ, շատ հաճախ անցկացվում են գրական գեղարվեստական միջոցառումներ, որոնց բացի աշակերտներից կարող է մասնակցել Նովոսիբիրսկի ցանկացած բնակիչ:

Հայերը սրբորեն հավատում են, որ եկեղեցին հանդիսանում է մարդու և Աստծո անմիջական կապի միջոց:
Հայկական եկեղեցիների ու հոգևոր կենտրոնների կառուցումը միշտ եղել է հայկական համայնքների համընդհանուր գործը։ Դա եղել է ոչ՛միայն համատեղ աշխատանք, համատեղ ներդրում ընդհանուր գործում, այլ նաև որպես համընդհանուր ջանք՝ ազգային մշակույթի պահպանման , լավ կյանքի ձգտման համար:                                     

2007-ին ազգային մշակույթային ինքնավարության ժողովում որոշում ընդունվեց՝ սկսել հայկական եկեղեցու կառուցումը Նովոսիբիրսկում : Այդ ժամանակ տարածաշրջանային  հայկական  ազգամշակութային ինքնավարության վարչության նախագահը Ֆ.Ք.Խաչատրյանն էր, իսկ Հենրիկ Գրիգորի Հարությունյանը, Օլեգ Իշխանի Դանիլյանը, Կոլյա Սեռոժի Ղուլիջանյանը, Արամ Վլադիմիրի Գրիգորյանը  վարչության  անդամներն էին:

2007 թվականի հոկտեմբերին Նովոսիբիրսկի քաղաքապետարանի կողմից հողհատկացում կատարվեց՝  Հայ  առաքելական եկեղեցու շինարարության համար:

Հատկանշական է, որ 20-րդ դարի վերջին, աշխարհի տարբեր վայրերում կառուցված հայկական եկեղեցիները, բացի դարերով կանոնավորված հայ ճարտարապետության դասական ձևերից իրենց մեջ ներառել են նաև ժամանակակից ճարտարապետության մասնիկներ:Ինչպիսին՞ էր   լինելու Նովոսիբիրսկի հայկական եկեղեցին: Ներկայացված էին մի քանի տարբերակներ: Արդյունքում որոշվեց դիմել, այսպես ասած, սկզբնաղբյուրին՝ պատվիրել նախագիծը Հայաստանում: Խնդրի լուծումը հանձնարարվեց Արթուր Ֆրունզիկի Խաչատրյանին:

Նախագիծը պատվիրվեց հայ անվանի ճարտարապետ Գագիկ Հարությունյանին  (նկարում ՝ աջից առաջինը):

Եկեղեցու  գծագրերի հետ մեկտեղ նախագծվեցին նաև օժանդակ կառույցների և ընդհանուր հայկական տան կառույցի էսքիզները: Հայկական տունն իր մեջ ունենալու է մշակութային կենտրոն, թանգարան, հայկական կիրակնօրյա  դպրոց, գրադարան, մարզահամերգային համալիր: Ցավոք, մինչև այսօր բացի եկեղեցուց կառուցված է միայն տնտեսական շենքը: Հայկական տան կառուցումը, որը նախատեսնված է նախագծի իրականացման երկրորդ փուլում, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով հետաձգվում է:

Հայկական տան գլխավոր հատակագծի և նախագծի հեղինակը Վլադիմիր Վասիլևիչ Ֆեֆելովն է՝ 2009-2016թթ. Նովոսիբիրսկի գլխավոր ճարտարապետը:

Եկեղեցու կառուցման ընթացքում, 2008-2015թթ. ճարտարապետական վերահսկողությունն  իրականացնում էր Իգոր Լեոնիդովիչ Կինդյակովը:

Համայնքի հանձնարարությամբ եկեղեցու շինարարական աշխատանքները վստահվեցին հիանալի աշխղեկի՝ Բաղդասար Հարությունի Բաղդասարյանին:Բոլորը ճանաչում  էին նրան որպես բարեխիղճ ու ազնիվ անձնավորության:: Բոլոր 8  տարիների ընթացքում,  նա՝ ամիսը մեկ անգամ, պարբերաբար, հաշվետվություն էր տալիս շինաշխատանքների ընթացքի մասին: Նույնիսկ իր ծննդյան 70-ամյակը դիմավորեց շինհրապարակում:

Հայկական տան և օժանդակ շինությունների էսքիզային գծագրերը։

2016-ի հունվարի դրությամբ եկեղեցու շինարարական աշխատանքները կատարված են  մոտ 90-95%-ով: Կարելի է վստահ նշել ,որ ի շնորհիվ Նովոսիբիրսկի հայ համայնքի (որը հաշվում է ավելի քան 20000մարդ) Սիբիրի մայրաքաղաքն էլ կունենա Հայ Առաքելական Եկեղեցի:

Շատ շուտով այն իր դռները կբացի հավատացյալների առջև: Ազգային մշակութային ինքնավարության ջանքերով Նովոսիբիրսկի Հայ Առաքելական «Սուրբ Աստվածածին» եկեղեցու շինարարությունն արդեն վերջնական փուլում է:

ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Մի քանի տարի շարունակ Նովոսիբիրսկի հայ համայնքը կառուցում է «Սուրբ Աստվածածին» եկեղեցին:

Ամեն մեկը նպաստել է եկեղեցու կառուցմանը՝ ինչով կարողացել է: Մեկը գումար է ներդրել, մեկն՝ օգնել շինանյութով ու տեխնիկայով, մյուսն՝ աշխատել անվարձահատույց: Նովոսիբիրսկի մարզի հայերի ազգային մշակույթային ինքնավարությունը քաղաքացիներից հանգանակություններ ընդունելիս, այդ բոլոր տարիների ընթացքում, կազմել է գումարներ նվիրաբերող անձանց  ցանկ:

Կայքի հեղինակների անունից մենք ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն անձանց, ում թեկուզ փոքր ներդրումը կա հայ եկեղեցու կառուցման գործում: Կառույցին օժանդակած մի քանի բարեգործներ, ցավոք, հեռացել են այս կյանքից, բայց նրանց ընդհանուր գործը՝ հայ  եկեղեցին, կապրի դարեր:

Հայերի ազգային մշակութային ինքնավարությունը ստեղծել է այս կայքը, որտեղ անուն առ անուն թվարկված են բոլոր բարեգործները, ցուցադրված են շինաշխատանքների բոլոր փուլերը՝ սկսած հիմքի առաջին քարից մինչև գմբեթը:

Եկեղեցու, օժանդակ կառույցների և Հայկական Տան ընդհանուր տեսքը

Ձեր ցանկություններն ու դիտողությունները կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստով: armcerkov@bk.ru

Եթե Ձեր մոտ պահպանվել են շինաշխատանքների մասին արխիվային լուսանկարներ, ապա մենք սիրով պատրաստ ենք տեղադրել դրանք կայքում: ՈՒղարկելու դեպքում չմոռանաք նշել հեղինակին, լուսանկարման ամսաթիվը, ինչպես նաև՝ հնարավորին չափ անվանականորեն թվել բոլորին, ովքեր պատկերված են լուսանկարում: Եթե ձեր ծանոթները կամ բարեկամները նշված են բարեգործների ցուցակում, բայց կայքում չկան նրանց լուսանկարները, ապա ուղարկեք մեզ նրանց դիմանկարները, համառոտ կենսագրական տվյալները:

ԽՈՐԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ՝ ՈՎՔԵՐ  ՕԺԱՆԴԱԿԵԼ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ: