Տաթևի վանքը (վանական համալիրը) վերագրվում է IX—XIII դարերին: Գտնվում է Սյունիքի մարզում,Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Դարեր շարունակ եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը: 2010 թվականին շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար՝ «Տաթևի թևեր» ճոպանուղին (5,5 կմ), որը նպաստում է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։
1995 թվականին Տաթևի վանքը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Տաթևի վանական համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է։ Այն հիմնադրվել է 895 թվականին Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտ Սյունու, նրա կնոջ՝ Շուշանի և իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի նյութական օժանդակությամբ: Շինարարությունն ավարտվել է 906 թվականին: X դարում մենաստանում ապրում էր մոտ հազար մարդ: XIII դարում վանքը իր շուրջն էր հավաքել հարկատու 680 շրջակա գյուղեր , և ձգտում էր ընդլայնել իր ազդեցությունը, որը և պատճառ դարձավ հաճախակի հակամարտությունների տեղական բնակչության հետ: Միջնադարում այստեղ զարգացել է ու գործել Տաթևի նշանավոր համալսարանը, մանրանկարչության ու գրչության դպրոցը: 1921թ.-ի ապրիլի 27-ին, վանքում հրավիրված համագումարը երկրամասը հռչակեց Լեռնահայաստանի Հանրապետություն: 1931 թվականին Տաթևի վանքը երկրաշարժից ավերվել է։ Այժմ տարածքում իրականացվում են վերականգնման և վերականգնողական աշխատանքները։ Վանքը բաց է այցելուների համար՝ առանց սահմանափակումների: 2010 թվականի հոկտեմբերի 16-ին մեկնարկել է "Տաթևի Վերածնունդ" ծրագիրը: «Տա թևեր» ճոպանուղու երկարությունը հասնում է 5,5 կիլոմետրի, նա ամենաերկարն է աշխարհում։ Ձգվում է Որոտան գետի ափով և կապում է երկու գյուղ՝ Հալիձորը և Տաթևը։ Առավել բարձր կետը՝ անդունդի համեմատ (Սատանի կամուրջ), հասնում է 320 մետրի։ Ճոպանուղու վագոնը տեղավորում է 25 մարդ և շարժվում 37 կմ/ժ արագությամբ՝ ճանապարհը հատելով 11 րոպե և 25 վայրկյան ժամանակում: