Գտնվում է Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է XIII դ. առաջին կեսին: Համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից: Սբ.Սիոն -համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215 թ.: Պատկանում է գմբեթավոր, սրահավոր եկեղեցիների տիպին: Գրատուն եկեղեցի -տեղադրված է գլխավոր եկեղեցու և գավթի հարավարևելյան կողմում: Կառուցել են Քուրդ Վաչուտյանը և իր կին Խորիշահը 1255 թ.` իրենց վաղամեռիկ դստեր` Մամախաթունի հիշատակին: Գերեզմանատունը գտնվում է վանական համալիրից հյուսիս, որտեղ կան XIII-XIV դդ. ուշագրավ խաչքարեր և խաչքար-կոթողներ: