Օձունի վանք - VI դար: Գտնվում է Լոռու մարզի, Գուգարք նահանգի, Տաշիր գավառի Օձուն գյուղում: Եկեղեցու կառուցման տվյալները չեն պահպանվել: Սակայն, ելնելով ընդհանուր կառուցվածքի ներքին ձևավորումից, որոշ ճարտարապետական նրբություններից, Օձունի վանքը թվագրվում է VI դարի կեսին: Եկեղեցին մի քանի անգամ վերականգնվել ու վերակառուցվել է: Օձունի եկեղեցու արևելյան ճակատային հարթությունից քիչ վեր, 19-րդ դ. կառուցել են երկու համաչափ զանգաշտարակներ։ Վերջին վերականգնումները կատարվել են Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Իտալիա) մասնագետների մասնակցությամբ՝ ավարտելով այն 2014 թվականին: Եկեղեցին իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկ, կառուցվել է տեղական բաց շականակագույն ֆելզիտից, բացառությամբ՝ ներքին հարդարման, որը բազալտից է: |