Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։ Վանքի պարսպապատ տարածքում են Ս.Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։
Նորավանքի համալիրի գլխավոր Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223 թթ-ին։
Համալիրի գլխավոր եկեղեցին Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Ս.Աստվածածինը (1339 թ)։ Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են պատի մեջ ագուցված պահունակային աստիճանները։ Չորս անկյուններում ավանդատներ ունեցող այս շինվածքը պսակված է սյունազարդ ռոտոնդայով։
17-18-րդ դարերում վանքը շրջափակվել էր պարսպով։ Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս, արևելյան կողմում եղած կառույցների մնացորդները։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը։ Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը։