Հայկական տաճարները

Գոշավանք

ստեղծման տարեթիվը — 1188 թ. գտնվում է գ․ Գոշ, Հայաստան

Գոշավանք (Նոր Գետիկ) - հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղում։ Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188թ-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)՝ անվանելով Նոր Գետիկ։ Մխիթար Գոշի մահվանից հետո (1213 թ.) վանքը նրա անվամբ կոչվել է Գոշավանք: Համարվել է ժամանակի խոշոր կրթական, մշակութային, հոգևոր կենտրոնը միջնադարյան Հայաստանում: Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները։ Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմություն» աշխատությունում վկայում է, որ վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը (1191-1196 թթ.), կառուցվել է ինչպես Մխիթար Գոշի և միաբանների, այնպես էլ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու նրա եղբայրների օգնությամբ։ Եկեղեցու ավելի ուշ կառուցված գավթի ճարտարապետը եղել է Մխիթար Հյուսնը։ Հետագայում գրատան վրա կառուցվել է երկրորդ հարկը (1291 թ., ճարտարապետներ՝ Գրիգոր և Զաքիոս): 1957–66 թթ-ին վերանորոգվել են  Սբ․ Գևորգ և Սբ Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: 1958 թ-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ կանգնեցվել է նրան նվիրված հուշակոթող։ 1972 թ-ին հիմնադրվել է Գոշավանքի թանգարանը, իսկ 1978թ-ին բարեկարգվել է վանքի տարածքը: Անտառում,Գոշավանքից մի քանի կմ հեռավորության վրա գտնվում է Գոշալիճը: