Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Ազատ գետի հովտում, Գառնի գյուղի կողքին: Խորհրդային տարիներին տաճարի ավերակները վերակառուցվել են: Գառնու տաճարը հիշատակվում է Տացիտի մոտ՝ Հայաստանում առաջին դարի կեսերի իրադարձությունների կապակցությամբ: Գառնու ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: 59 թ-ին Գառնու ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: XIII–XVII դարերում օտար նվաճողների բազմաթիվ արշավանքներից ավերված Գառնին վերջնականապես կործանվել է 1679թ-ի երկրաշարժից: Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորները և պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Դա հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը իր նախնական տեսքով: Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատեց 1968 թվականի դեկտեմբերի10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այստեղ աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։ Հայ թագավորները շատ էին սիրում այս վայրը ոչ միայն իր անառիկ դիրքի պատճառով, այլև բարենպաստ կլիմայի ու վերածել էին այն իրենց ամառային նստավայրի: Գառնին Հայաստանի մայրաքաղաք Երևանից գտնվում է 28 կմ հեռավորության վրա: Ռազմավարական առումով Գառնու ընտրվելու վայրը չափազանց հաջող է: Ըստ Գառնու տարածքում գտնված ուրարտական արձանագրության, ամրոցը ձեռք բերեց ուրարտական թագավոր Արգիշտին՝ մ․թ․ա․ VIII դարի առաջին կեսին: Նա հավաքել է Գառնու բնակչությանը՝ որպես աշխատուժի, ուղևորվել է դեպի ներկայիս Երևան, որտեղ և կառուցեց Էրեբունի ամրոցը: