Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 8 կմ հեռավորության վրա, Ախուրյան գետի ձախ ափին: Պահպանվել է կիսավեր վիճակում։ Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված ստիլոբատի (աստիճանաձև հիմք) վրա։ Իր արժանիքներով այն զարգացած միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է։ Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա, նրանից դուրս՝ այլ շինություններ, ստորգետնյա սենյակներ։ Իսկ ավելի հեռու, դեպի հարավ-արևելք՝ մի ջրամբարի պատնեշ կա և մի ամբողջ բնակավայր։ Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության ավանդույթները։ Ամենահին հունական արձանագրությունը հարավային պատին է՝ այն վերագրվում է 8րդ դարին: Ն.Մառի (1908թ)պեղումներից պարզվեց, որ կառույցն հիշատակվել է որպես մատուռ Սբ.Կարապետի: Եկեղեցին բազում անգամներ ենթարկվել է հետազոտման, պեղումների՝ ոչ միայն հայ հնեաբանների կողմից: Կատարվել են եկեղեցու և հարակից տարածքի վերակառուցողական աշխատանքներ: Վերանորոգվել է Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից դեռևս 1928-29 թթ., ամրացվել են հարավային երեսապատի պակասող մասերը, արևելյան պատի բացվածքը և պատերի որոշ հատվածներ: 1948 թ. ձեռնարկվել է ոչ մեծ ծավալի ամրացման-կոնսերվացման աշխատանքներ: 1958թ. վերանորոգվել են հարավային և արևելյան հիմնաստիճանները: 1964-65 թթ. վերսկսված վերանորոգման աշխատանքները մնացել են թերի: