Հավուց Թառի Վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Գառնի գյուղի մոտ, Ազատ գետի ձախափնյա բարձունքում: Վաղ միջնադարում վանքը խոշոր կրոնական, մշակութային կենտրոններից մեկն էր: Ըստ պատմաբան Մխիթար Այրիվանեցու, Իշխան Գևորգ Մարզպետունին կառուցել է Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որը 1013թ ին վերակառուցեց Գրիգոր Մագիստրոսը: Վանական համալիրի տարածքում էր նաև Սուրբ Կարապետ մատուռը, որը կառուցվել է 1213 թ.։ Վանքի բոլոր շինությունները պատրաստված են կարմիր և սև տուֆից: 1679թ․ Գառնու երկրաշարժից վանքը խիստ վնասվել է: 1721թ-ին մատուռի ավերակների վրա, կաթողիկոս Աստվածատուրի նախաձեռնությամբ, սկսվեցին Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցման աշխատանքները, որը մնաց անավարտ: Հավուց Թառի վանքի տարածքում կան եզակի խաչքարեր՝ կատարված նրբանկատ վարպետությամբ, անկրկնելի շքեղությամբ: Այդ խաչքարերից մեկը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում, որպես մեկը երկրի տասը լավագույններից : Հավուց Թառը տեղական բնակչության շրջանում ավելի հայտնի է որպես Ամենափրկիչ, և այդ անունը կապված է մի գեղեցիկ լեգենդի հետ: Թուրքերի ներխուժումներից մեկի ժամանակ վանքի վանահորը հաջողվել է համոզել թշնամու զինվորներին ներում շնորհել բոլոր նրանց, ովքեր կտեղավորվեն վանքում: Մարդիկ վանքի դարպասներից մտնում էին ներս ու գաղտնի ճանապարհով դուրս էին գալիս: Այս գաղտնի միջոցով վանքը փրկեց նրանց ու ստացավ Ամենափրկիչ անվանումը: |