Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնական մասում։ Այն հիմնադրվել է 1860-1873թ․ ճարտարապետ Թադևոս Անդիկյանի կողմից:.
Ամենափրկիչ եկեղեցին նշանակալից է ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում: Եկեղեցին կառուցվել է Անիի մայր տաճարի պատկերով, բայց ոչ ճշգրիտ պատճենով: Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի բավականին մեծ, կլորավուն ձևով պատուհաններ: Նրա արևմտյան մասում գտնվում է զանգակատունը: Եկեղեցու ներքին հարդարումը բավականին հարուստ է, պատերն ամբողջությամբ նախշազարդ են:
1930 թ Խորհրդային իշխանության հաստատումից հետո տաճարը փակվել է։ Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթն ավերվել է, իսկ զանգակատունը 1937թ պայթեցվել է : 1964թ. Գյումրու գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի ղեկավարությամբ զանգակատունն ամբողջությամբ վերափոխվել է: Խորհրդային իշխանության ժամանակ տաճարը վերածվել էր ֆիլհարմոնիայի: Նրա պատերի ներսում հնչել են Բախի, Մոցարտի և Կոմիտասի ստեղծագործությունները: Առաջին համերգային դահլիճում հանդես է եկել հայտնի երգչուհի Գոհար Գասպարյանը: 1926 թ. երկրաշարժի ժամանակ եկեղեցին կանգուն է մնացել: 1988թ մեծ տարերքի առաջ Ամենափրկիչը չփրկվեց: Որոշ հոռետեսներ, եկեղեցին, որը քաղաքի ճարտարապետական դեմքն էր, հայտարարեցին, որ այն վերականգնման ենթակա չէ: Սակայն ճարտարապետ Ռ.Եղոյանին հաջողվեց համոզել բոլորին հակառակը: Տաճարի, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգնման համար, 90-ականների սկզբին ստեղծվեց համահայկական հիմնադրամ՝ «Ամենափրկիչ» անունով: Եկեղեցու վերակառուցման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվեց միջոցներ: Ամբողջ աշխարհից տարբեր բարերարներ նվիրեցին գումարներ, որոնց թվում հատկանշական էր Բուդդիստ Չին Հայի (100 հազար դոլար) նվիրատվությունը:
Վերակառուցման նախագիծը մշակվեց Ռ. Եղոյանի և Հ. Մեհրոյանի կողմից: Վերականգնողական աշխատանքները տևել են ավելի քան 20 տարի։ Եկեղեցու տարբեր հատվածներ , որոնք պահպանվել էին երկրաշարժի ժամանակ, օգտագործվեցին որպես շինանյութ՝ բացառությամբ գմբեթի, որը պահպանվում է եկեղեցու բակում: Պատերը ամրացվել են երկաթբետոնյա ամրություններով: Մասնագետների հավաստմամբ այդպիսի քարե շենքերը կարող են դարերով կանգուն մնալ: